Սեփական դիտողականությամբ այն եզրակացությանն եմ հանգել (գուցե` վիճելի), որ որքան ուժեղ է մարդու բանականությունը, այնքան ավելի թույլ է բնազդականը: Բանականությունը երկվություններ, ներհակություններ, կասկածներ, տատանումներ է ունենում և, հաճախ այդ ամենի մեջ խճճվելով, սխալվում է: Մինչդեռ, բնազդը անվրեպ ու անշեղ է գործում:
Կարծում եմ, որ մեր թշնամին առավելապես իր բնազդին է ապավինում և համարյա չի վրիպում:
Լինելով (համոզված եմ) թե' խորհուրդների, թե' ռուսների ամենամոլի թշնամիներից մեկը, նա կառչած մնաց թե' մեկից, թե' մյուսից, զգալով, թե դա ինչ կարող է տալ իրեն և այսօր արդեն այնպես առատորեն վայելում է դրա պտուղները: Շատերը դա վերագրում են նրա դիվանագիտական հմտությանը: Ես հակված եմ դա վերագրելու սուր բնազդին, որ համարյա անվրեպ է գործում:
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ, «Համատոտ պատմություն Հայոց», հատված, 1991թ․